Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կարևորում եմ կանանց զբաղվածությունը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում»

«Կարևորում եմ կանանց զբաղվածությունը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում»
11.01.2013 | 12:12

«Իրատես de facto»-ի հյուրն է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

-Տիկին Հարությունյան, շնորհակալ եմ զրույցի հրավերն ընդունելու համար և շնորհավորում եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնում նշանակվելու առիթով:
-Շնորհակալ եմ: Վերջին տասը տարիներին ես ղեկավարել եմ մեր երկրի համար շատ կարևոր, մարտահրավերներով լի զբաղվածության ոլորտը: Այս առումով իմ զբաղեցրած պաշտոնը եղել է չափազանց պատասխանատու, իսկ իմ աշխատանքը, չեմ թաքցնում, որոշումներ կայացնելու առումով, բավականին բարդ, բայց դրանով հանդերձ հետաքրքիր և ստեղծագործ: Նոր պաշտոնում ընդամենը փոխվել է իմ լիազորությունների ձևը:
-Դուք կարևորո՞ւմ եք կանանց ներգրավվածությունը ղեկավար պաշտոններում, և ինչպե՞ս եք պատկերացնում գենդերային հավասարության ապահովման խնդիրը կառավարման ոլորտում:
-Այո, շատ եմ կարևորում, և այդ խնդիրն ինձ համար նորություն չէ։ Ես դեռ ուսանողական տարիներից էի հրապարակավ հանդես գալիս: Իմ առաջին տպագիր հոդվածի թեման էր «Կանանց աշխատուժի օգտագործումը ՍՍՀՄ-ում»: Ես կարևորում եմ կին մասնագետների ներուժի օգտագործումը, պարզապես ընդունելի չեմ համարում արհեստականորեն որևէ կին պաշտոնյա ձևավորելու փորձերը: Գենդերային հիմնախնդիրներին անդրադառնալիս, չգիտես ինչու, հատկապես շեշտում են` կին նախարար, կին փոխնախարար, կին պատգամավոր: Ես կարևորում եմ կանանց զբաղվածությունը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Խնդիրն այն է, որ զբաղվածների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը ցածր է, իսկ գործազուրկների թվաքանակում` չափազանց բարձր: Այս հիմնախնդրի լուծմանն են ուղղված եղել ինչպես զբաղվածության կարգավորման պետական ծրագրերը, այնպես էլ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող նպատակային, մասնավորապես, մասնագիտական ուսուցման ծրագրերը:
-Ձեր անելիք առաջին քայլն այս նոր պաշտոնում:
-Իմ նշանակումը նոր պաշտոնում հիմնականում գնահատում եմ որպես ձևի փոփոխություն: Էական նշանակություն ունի, թե փոխնախարարը ինչ լիազորություններ կունենա, ինչ խնդիրներ կլուծի և ինչ հաջողություններ կունենա, որովհետև ցանկացած աշխատանքում կարևոր է ոչ թե այն, ինչը նախատեսվում է, այլ այն, թե ինչ է իրականացվել, և ինչ արդյունքներ են ապահովվել: Եթե որպես փոխնախարար մեկ տարի անց կարողանամ ասել, որ նախարարության համակարգում ներդրվել է հաստատված հայեցակարգով նախատեսվող մոնիթորինգի և արդյունավետության գնահատման համակարգ, որով հնարավոր է բոլոր մակարդակներում, այդ թվում` քաղաքականության մշակման, ծրագրերի իրականացման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ապահովել գնահատում և հետադարձ կապ` երաշխավորելով սխալվելու և կոռուպցիոն ռիսկերի նվազագույն հնարավորություն, ուրեմն առաջին քայլն արված կհամարենք:
-Դատելով Ձեր աշխատանքային փորձից, պետք է կարծել, որ այս նշանակումը պայմանավորված էր վերոնշյալ օրակարգային խնդիրները օր առաջ լուծելու անհրաժեշտությամբ: Այս մեծ պատասխանատվությունը երևի թե նաև Ձեր հետագա գործունեության համար հնարավորությունների մեծացում և նոր հեռանկարներ է բացում:
-Սոցիալական ոլորտում շուրջ 20 (որից 10-ը` զբաղվածության) տարվա աշխատանքս գնահատելով, վստահաբար կարող եմ ասել, որ շատ բան է փոխվել, իսկ զբաղվածության ոլորտում` առավել ևս: Բարեփոխումները սկսեցինք օրենսդրական դաշտից. փոխվեց օրենքը, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի զբաղվածության մասը: Եթե 2002-ին մենք ունեինք զբաղվածության կարգավորմանն ուղղված 4 ծրագիր (որից մեկն էլ դրամական օգնության չարդարացված ծրագիրը), այս տարիներին դրանց թիվը հասավ 14-ի, տասնապատիկ ավելացան միջազգային համագործակցության ծրագրերի ծավալները: Այսօր կարող ենք ասել, որ մեր օրենսդրությունը 70%-ով համընկնում է եվրոպական զբաղվածության ռազմավարությանը: «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը լուրջ հեղինակություն ունի, արդեն երեք տարի է` զբաղվածության հանրային ծառայությունների համաշխարհային ասոցիացիայի անդամ է: Ասել է թե` մենք 90 երկրի հետ հավասար իրավունքներով կարողանում ենք խոսել մեր խնդիրների և առաջընթացի մասին: Սա շատ կարևոր է փորձի փոխանակման, նոր գաղափարների տեղայնացման տեսանկյունից, ուսումնասիրել, թե ինչպես են մյուս երկրները հաղթահարում իրենց խնդիրները, աղքատությունը, գործազրկությունը, ապահովում տնտեսական զարգացում, և փորձել գնալ նույն ճանապարհով, իհարկե, չմոռանալով մեր երկրի առանձնահատկությունները: Այս առումով, սա իսկապես կարևորագույն ոլորտ է և պետք է շարունակի զարգանալ: Իսկ այն մասին, թե էլ ինչ խնդիրներ կան մեր նախարարության համակարգում, ինչ խնդիրներ են ուզում կանոնակարգել, և ինչու առաջացավ Սոնա Հարությունյանին փոխնախարար նշանակելու գաղափարը, կարող եմ ասել հետևյալը: Սա ունի իր նախապատմությունը: Մեր նախարարության համակարգում, ցավոք, դեռևս լուրջ խնդիրներ կան: Վերջին ժամանակներս գնահատականներ հնչեցին կենսաթոշակային ոլորտի, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի գործունեության, մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման ծրագրի, գնումների գործընթացի կազմակերպման և այլ խնդիրների առնչությամբ: Այս տարիներին իմ համոզմունքն է եղել, որ չպետք է թողնել խնդիրը հասունանա, նոր միայն լուծումներ փնտրել: Հակառակը, պետք է վերահսկողական այնպիսի համակարգ ստեղծել և աշխատանքները կանոնակարգել այնպես, որ անձը, ինչքան էլ ուզենա, չկարողանա թույլ տալ այնպիսի սխալներ, որոնք անդառնալի հետևանքների հանգեցնեն, և ընկնի մեր ծառայությունների որակը: Բնականաբար, նախարարների մակարդակով քննարկումների ժամանակ ես արտահայտել եմ իմ սկզբունքային դիրքորոշումը տարբեր հարցերի վերաբերյալ: Նշեմ նաև, որ այս 10 տարում մեր համակարգը` զբաղվածության ոլորտը, դուրս չի մնացել հանրապետությունում գործող համապատասխան գրեթե բոլոր մարմինների կողմից իրականացվող ստուգումներից և վերահսկողությունից: Հատկապես այս վերջին տարիներին անընդհատ նախարար էր փոխվում, և ամեն նոր նախարարի գալու հետ առաջին ստուգումները, ընդ որում` բավականին հանգամանորեն, սկսվում էին զբաղվածության ոլորտից, բայց լուրջ խախտումներ չէին հայտնաբերում: Հայտնաբերված բոլոր թերությունները ինքներս արդեն հայտնաբերած էինք լինում: Այսինքն` այստեղ կիրառվում էին հենց այն սկզբունքները, որոնց մասին խոսեցի: Աշխատանքի և սոցիալական հարցերի գործող նախարար Արտեմ Ասատրյանը, ում հետ աշխատել եմ շուրջ 15 տարի, այս բոլոր տարիներին տեղյակ է եղել իմ գործունեությանը, քննարկումներին, նաև արդյունքներին, և սա իր առաջարկությունն էր` իմ կարողություններն օգտագործել վերը նշված խնդիրները լուծելու համար: Այնպես որ, պաշտոնի բարձրացում, լիազորությունների ընդլայնում կամ էլի նման բաներ չկան. սա ընդամենը կարողությունները, փորձն օգտագործելուն միտված քայլ է, իմ կողմից ևս` իմ փորձն ու գիտելիքները նաև այլ բնագավառում կիրառելու, ներդնելու հնարավորություն:
-Փաստորեն, նախարարությունում Ձեզ համար, այսպես ասած, աշխատանքի նոր ոլորտ է բացվում` մոնիթորինգի և գնահատման համակարգի ստեղծում:
-Այո: Ստեղծվելու է ամբողջական համակարգ` միջազգային փորձի հիման վրա, իհարկե, նաև հաշվի առնելով և գնահատելով առկա իրավիճակը և հիմնախնդիրները: Կլինեն անմիջական ենթակայության ստորաբաժանումներ, սակայն ներդրվող համակարգը վերաբերելու է նախարարության ենթակա բոլոր կառույցներին և նրանց կողմից իրականացվող ծրագրերին:
-Ձեր նշանակումը տեղի ունեցավ ժողովրդի մեծ մասի համար սոցիալական անբարենպաստ, գործազրկության բարձր ցուցանիշների, աննախադեպ արտագաղթի և էլի շատ չլուծված խնդիրների պայմաններում:
-Ես չէի ասի, թե իմ նշանակումը տեղի ունեցավ գործազրկության աճի պայմաններում: Երբ ես դարձա գործակալության պետ, պաշտոնական տվյալներով գործազրկության մակարդակը 10,5 տոկոս էր, իսկ հիմա այդ նույն ցուցանիշը, նույնիսկ ճգնաժամից հետո 5,9 տոկոս է: Սա պաշտոնականը, իսկ իրական գործազրկության մակարդակը ժամանակին 40 տոկոսից բարձր է եղել, բայց այսօր, տնային տնտեսությունների հետազոտության արդյունքներով, նույն աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ, ընդամենը 20,9 տոկոս է: Ինչ վերաբերում է միգրացիային, մասնավորապես աշխատանքային, ապա այն եղել է անկախության բոլոր 20 տարիներին: Վերջին տարիներին միջազգային տարբեր կառույցների կողմից մի շարք ծրագրեր են իրականացվում, հատկապես օրենսդրական դաշտը եվրոպական օրենսդրությանը մոտարկելու և օտարերկրացիների աշխատանքային գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ:
-Շատ մեծ վտանգ է հատկապես սահմանամերձ շրջանների ամայացումը, և դրա կանխումը պետք է դասվի ռազմավարական նշանակության խնդիրների շարքին: Գուցե այդ ուղղությամբ տարվող աշխատանքներից շրջադարձայինը պետք է լինի տվյալ շրջանների բնակիչներին բնակության արտոնյալ պայմանների տրամադրո՞ւմը:
-Ես նույնպես կարևորում եմ սահմանամերձ շրջանների բնակչության ամայացումը կանխելու ուղղությամբ հրատապ միջոցառումներ իրականացնելու հրամայականը: Կարծում եմ, դա ժամանակի պահանջն է, հատկապես, երբ հարցը դիտարկվում է երկրի անվտանգության համատեքստում: Կարևորում եմ այն բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են երիտասարդների համար ապրելու և աշխատելու պայմանների ստեղծմանը, ինչու չէ, նաև առանձին հիմնախնդիրների գծով արտոնությունների սահմանմանը:


Զրուցեց
Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 1608

Մեկնաբանություններ